Նորություններ

Նորություններ

10 Սեպ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀԱՅՐԵՆԻ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին ԱՀ գրողների միության և Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի նախաձեռնությամբ կայացել է արմատներով արցախցի, ամերիկաբնակ գրող, արձակագիր Մարգարիտ Դերանցի հերթական գրքի՝ «Սեր լուսնեզրին», շնորհանդեսը:

Ներկաները նախ ծաղիկներ խոնարհեցին համալսարանի զոհված դասախոսների և ուսանողների հիշատակին, ապա շնորհանդեսը բացեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ Դերանցը գրականության ոլորտում ունեցած անուրանալի ավանդից զատ, իր ընտանեկան համեստ միջոցներով բարեգործություններ է կատարում Արցախում՝ օգնելով զոհվածների և կարիքավորների ընտանիքներին:

Անդրադառնալով հեղինակի ստեղծագործությանը՝ բանախոսը առանձնացրել է այն հանգամանքը, որ գրքում ազգային խնդիրներից զատ, արծարծված են առավել տարողունակ և բազմաշերտ հարցադրումներ, որոնք համամարդկային նշանակություն ունեն:

«Դերանցը լինելով ազգությամբ հայ և անցնելով արտագաղթի ճանապարհով իր մաշկի վրա զգացել է օտարության դժվարությունները, սակայն ոչ միայն չի կորցրել ազգային դիմագիծը, այլև այսօր սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունի»:

Այնուհետև խոսքը տրվեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ՀԼԳ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանին: Նա կարևորեց հեղինակի տարբերվող լեզվամտածողությունը, ինքնատիպ ոճը, երևույթները փիլիսոփայորեն և հոգեբանորեն վերլուծելու կարողությունը:

«Վեպում բացահայտվում է հերոսուհու ազգային հոգեբանության և հոգեկերտվածքի բոլոր դրսևորումները: Նա առաջին անգամ զգում է սիրո ողջ քաղցրությունն ու դառնությունը: Բախվում են սերն ու մարդու դաստիարակությունը, սակայն ի վերջո հաղթում է հոգևորը, մաքուրը»:

Մարգարիտ Դերանցի ստեղծագործությունը յուրովի գնահատեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը:

Իսկ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը հատկանշական է համարել այն, որ գրքում ամեն միջադեպ զուգորդվում է քրիստոնեական գաղափարախոսությամբ, և նշել, որ պատերազմից հետո պետք է ոտքի կանգնենք և մեր ճանապարհը Աստծով շարունակենք:

Հեղինակին շնորհավորեցին և ելույթներով հանդես եկան գրականագետներ Անի Շիրինյանը, Զարինե Սառաջյանը և Ալիսա Բաղդասարյանը:

Մարգարիտ Դերանցը շնորհակալություն հայտնեց ելույթ ունեցողներին և ներկաներին ջերմ ընդունելության համար և նշեց. «Արցախն իմ ճակատագիրն է, որովհետև մարդու ճակատագիրը որոշվում է մանկության ժամանակ: Իմ ուժը և այն հաջողությունները, որոնց հասել եմ, համոզված եմ արցախցու արյան շնորհիվ է»:

Վերջում Ամալյա Գրիգորյանը Գրողների Միության և «Գրիգոր Նարեկացի» համալսարանի անունից, ԱՄՆ-ում հայոց գրի ու դպրության, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար, «Նարեկացի» մեդալ և հուշանվեր հանձնեց հեղինակին:

Nature
Nature
Nature
Nature
Nature
×