Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

28 Հուն

«ԳՐԱԿԱՆ -ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ» ՆԱՐԵԿՑԻՆԵՐԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Հունիսի 28-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ մեկնարկած «Ապրելու ձայնը» միջոցառման մասնակիցները եղան Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Հյուրերը նախ ծաղիկներ խոնարհեցին Նարեկացու պատվանդանին և 44-օրյա պատերազմում անմահացած նարեկցիների հիշատակը հավերժացնող հուշատախտակին, ապա Արևմտահայերենի, Հայագիտության գիտահետազոտական, Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում հանդիպեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և գրողների հետ:
ԱՀ Գրողների միության նախագահ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը ողջունելով ներկաններին, նշեց որ հայերը մշակույթի ու գրականության ժողովուրդ են։«Նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են գրական մտքի զարգացմանը, պոեզիայի և գրականության արժևորմանը ողջունելի են, քանի որ ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակներում եղել է գրականությունը, որն ազգային ոգու արժեհամակարգի գլխավոր կրողն է»։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց պատերազմից հետո Արցախում մշակութային միջոցառումների կազմակերպումը և նշեց, որ գրականությունը հզոր դերակատարում ունի ցանկացած բնագավառում։ Նա շեշտեց.«Գրականությունը օգնում է, որպեսզի սիրենք և հարգենք միմյանց, վերացնենք ատելությունը, քանի որ ատելությունը բնազդային է, իսկ սերը հոգևոր»: 
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասաց.«Ապրելու ձայնը» խորագիրն արծարծում է այն իմաստը, որ անկախ ներկայի մարտահրավերներից, ունեցած անդառնալի կորուստներից Արցախի սիրտը բաբախում է, Արցախի այս փոքր մասնիկը շարունակում է շնչել, ու այստեղ ապրողի ցանկությունը պատերազմը չէ, այլ՝ սեփական հողի վրա խաղաղ ապրելը, արարելը և ստեղծագործելը»:
Հանդիպման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Զինաիդա Բալայանը, ԱՀ Գրողների միության անդամ Նանար Պողոսյանը և ուրիշներ:
Գրականության զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Գրողների միության նախագահ, անվանի բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը պարգևատրվել է Նարեկացի մեդալով,որը և նրան հանձնեց Վարդան Հակոբյանը:

×