Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

16 Հուն

ՀՈՒՇ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 95 ԱՄՅԱԿԻՆ

Հունիսի 15-ին «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպվեց մեծ բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանին նվիրված հուշ-ցերեկույթ՝ ևս մեկ անգամ հիշելու և  արժևորելու սիրված մանկագրի ստեղծագործությունները: 
Միջոցառումը բացեց  ԱՀ Գրողների միության նախագահ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին, նա նշեց, որ Գուրգեն Գաբրիելյանը հանճարեղ անհատականություն էր, բացառիկ գործիչ, իսկ նրա ստեղծագործությունները մնայուն արժեքներ են։ «Ղարաբաղի հորովելը»- ասաց նա,- միանգամից ուշադրության արժանացավ ոչ միայն հայ, այլև համաշխարհային իրականության մեջ:  Որպես գրականության խոշորագույն դեմք, Գուրգեն Գաբրիելյանը չի հեռանում տարիների հետ, նա միշտ ներկա է, այսօրվա մանկագրությունը զարգանում է Գուրգեն Գաբրիելյանի ստեղծած ավանդների ու նորարարական մոտեցումների հիմքի վրա»: 
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՆՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանի խոսքով Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունները մանկական լեզվով պատմում են գեղեցիկի ու բարու մասին, ծանոթացնում մեր ժողովրդի հոգևոր գանձերին, սեր արթնացնում դեպի մայր բնությունը: 
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի կարծիքով Գուրգեն Գաբրիելյանը Աստծո նվեր էր մեր մանկագրությանը, իսկ հորովելը՝ մեր երաժշտության պատմությանը: Եվ որքան տարիներն անցնեն, գալիք սերունդները միշտ  սիրով են դիմավորելու Գուրգեն Գաբրիելյանին: 
Ելույթներով հանդես եկան նաև բանաստեղծներ Դավիթ Միքայելյանը, Արիս Արսենին, Գագիկ Բեգլարյանը:
Վերջում Գուրգեն Գաբրիելյանի հարսը՝ Անժելա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ «Գուրգեն Գաբրիելյանը բոլորի համար թանկ հիշողություն է: Նա մեծ է ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելով: Նա նվիրված էր իր  ժողովրդին, ապրել է նրա ցավերով ու հոգսերով: Նրա խոսքը ծնվում էր սրտից, իսկ սիրտը ժողովրդինն էր»: 
ԱՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը  Գուրգեն Գաբրիելյանին հետմահու շնորհեց Նարեկացի մեդալ և  հանձնեց Անժելա Գաբրիելյանին:

×