Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Նորություններ

Նորություններ

14 Հուն

ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ՕՐ ԳՈՐԻՍՈՒՄ

Գորիսը ամեն տարի մեծ հանդիսավորությամբ է նշում հայ ժողովրդի մեծ զավակ՝ Ակսել Բակունցին նվիրված տոնը: Այս տարի ևս Բակունցի տուն-թանգարանում էին հավաքվել Երևանից, Ստեփանակերտից և Հայաստանի Հանրապետության այլ վայրերից  գրողներ, մտավորականներ, մշակույթի և արվեստի  գործիչներ:  
Արցախից ժամանած  պատվիրակության կազմում էին ԱՀ Գրողների միության վարչության նախագահ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, գրականագետ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Ամալյա Գրիգորյանը, բանաստեղծուհի, ԳՆՀ  Իրավագիտության ամբիոնի դասախոս Սոնա Համբարձումյանը: 
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ գրողի հուշարձանին, ապա գրական, երաժշտական, մշակութային հարուստ ծրագրով  միջոցառում կազմակերպվեց Բակունցի տուն-թանգարանում:
ԱՀ գրողների միության նախագահ Վարդան  Հակոբյանը շնորհավորելով բոլորին գրական տոնի առթիվ՝  նշեց, որ Ակսել Բակունցը  բացառիկ ստեղծագործող է, նրա արձակը բնության, մարդկային հոգեբանության գեղարվեստական ինքնատիպ վերարտադրություն է: Բակունցը կարողացել է համադրել Թումանյանի և մեր մյուս մեծերի ավանդները և ստեղծել նորարարական այնպիսի արձակ, որն ուղեկցում է հայ ժողովրդին:

×