Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գիտական նորույթ

Գիտական նորույթ

ՊԱՀԱՆՋՎԱԾ ԳԻՐՔ. «ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ»

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում ավանդույթ է դարձել դասախոսների գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակումը: Եվ ահա, օրերս լույս տեսավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանի «Որակի ապահովման ձեռնարկ» ուսումնամեթոդական աշխատությունը: Դա, ի դեպ, հեղինակի երկրորդ ձեռնարկն է: Մեր հատուկ թղթակիցը հարցազրույց է ունեցել երիտասարդ գիտնականի հետ, որը ներկայացնում ենք ստորև:

-Տիկին Գրիգորյան ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

-Վերջին ժամանակներս, ելնելով բուհերին ներկայացվող ժամանակակից չափանիշներից, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը որդեգրել է իր գործունեության մեջ միջազգային չափորոշիչներ ներդնելու, որակի մշակույթ ձևավորելու և տարածելու քաղաքականություն:

Ցանկանալով դառնալ Եվրոպական կրթական տարածքի պահանջներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցող համալսարան և այդ գործընթացում կարևորելով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը՝ համալսարանը 2018 թվականից ակտիվ համագործակցում է ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ: Արդյունքում, համալսարանում ներդրվել են կրթության որակի բարձրացման և բարելավման մեխանիզմներ: Առաջնորդվելով Բոլոնյան գործընթացի հիմնարար փաստաթղթերով՝ կրթական ծառայությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման, ուսանողների և շրջանավարտների կրթության բարձր որակի ապահովման հիմնախնդիրներով՝ համալսարանը ձեռնամուխ է եղել որակի ապահովման ներքին համակարգի ստեղծմանը, որն էլ ներկայացված է սույն ձեռնարկում:

-Ի՞նչ կտա ձեռնարկը բուհի դասախոսներին և ուսանողներին:

-Ձեռնարկն անշուշտ, անհրաժեշտ ուղեցույցի դեր է կատարում: Այն տեղեկատվական աղբյուր է ինչպես բուհի ներքին, այնպես էլ՝ արտաքին շահառուների համար։

Գրքում ներկայացված են համալսարանի որակի ապահովման հայեցակարգը՝ Հայաստանի և Արցախի կրթական գործընթացների ընդհանուր համատեքստում, բուհի որակի ապահովման քաղաքականությունը, որակի ապահովման համակարգի կազմակերպական կառուցվածքը, հիմնական ոլորտները, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմները, որակի կառավարման ընթացակարգերն ու գործիքակազմերը: Ձեռնարկի հրատարակումը կնպաստի բուհում որակի մշակույթի զարգացմանն ու առավել բարենպաստ կրթական միջավայրի ձևավորմանը:

11/04/2022