Գիտական նորույթ
Գիտական նորույթ
ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՁԵՌՆԱՐԿԸ
Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Վալոդյա Հովսեփյանի և դասախոս Սոնա Համբարձումյանի համահեղինակությամբ լույս տեսած «Երեխայի իրավական կարգավիճակն Արցախի Հանրապետությունում» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։
Միջոցառման մեկնարկին Շուշիի «Վարանդա» երգչախմբի սաների կատարմամբ հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը, այնուհետև ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
ԱՀ վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը նշեց, որ գրքում առաջադրվել են այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և, միևնույն ժամանակ, հայրենասիրություն են քարոզում։
«Գրիգոր Նարեկացի» համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.,դոցենտ Ամալյա Գրիգորյանն ասաց, որ ձեռնարկն ոչ միայն իրավագիտության ամբիոնի, այլև երկրի ձեռքբերումն է:
«Սա յուրովի ուղերձ է աշխարհին, որ չնայած բազմիցս ոտնահարվել և ոտնահարվում են մեր և մեր երեխաների իրավունքները՝ և՛ քառօրյա պատերազմի, և՛ 44 օրյա պատերազմի ժամանակ անչափահասների շրջանում ունեցանք զոհեր, և մեղավորներն առայսօր արժանի պատասխան չեն ստացել, արցախցին շարունակում է լինել իրավապաշտ, օրինապաշտ և ավելին գրքեր հրատարակել, արարել: Համոզված եմ, որ ձեռնարկը գործառնական լայն կիրառություն կունենա»:
ԱՀ վաստակավոր իրավաբան, գրքի համահեղինակ Վալոդյա Հովսեփյանի խոսքով ձեռնարկն օգտակար կլինի երեխաների, ծնողների և ուսուցիչների համար, քանի որ այնտեղ շոշափված են երեխաների հիմնական իրավունքներն ու ազատությունները, իմի են բերված միջազգային բոլոր փաստաթղթերը:
Համահեղինակ Սոնա Համբարձումյանն ասաց, որ ձեռնարկը նախատեսված է դասընթացներ անցկացնելու համար:
««Գրիգոր Նարեկացի» համալսարանում իրավագիտության ամբիոնի կողմից կազմակերպել էինք «Անչափահասների իրավունքները և պարտավորությունները» թեմայով գիտաժողով և նյութերի ընթերցումներից հետո հասկացանք, որ համընդհանուր իրավաբանական գրականություն, որտեղից երեխաները կարողանան իմանալ իրենց իրավունքներն ու պարտավորությունները, չունենք։ Ձեռնարկը կազմել ենք նկարազարդումներով, որպեսզի երեխայի համար հետաքրքիր լինի ոչ միայն ընթերցելը, այլ նաև տեսանելի լինի այն, ինչն ընթերցում է»:
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան լրագրող Միքայել Հաջյանը, ԳՆՀ շրջանավարտ Լարա Գրիգորյանը:
Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև դասախոսներ, ուսանողներ, հյուրեր։
11/04/2022