Գիտական նորույթ
Գիտական նորույթ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՄԱԼՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ
Դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի է ունեցել բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանի «Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման մի քանի հարցեր» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։
միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։
Նա շնորհավորել է Ա. Գրիգորյանին ուսումնամեթոդական ձեռնարկի հրատարակման համար և նշել գրքի կարևորության և անհրաժեշտության մասին:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել համալսարանի մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրքի գրախոս Էլադա Բաղդասարյանը, դասախոսներ, ուսուցիչներ և այլք: Նրանք կարևորել են գրքի դերը կրթական համակարգում՝ որպես օգնություն մանկավարժական փորձուսուցմանը մասնակցող ուսանողներին և սկսնակ ուսուցիչներին։
Ամալյա Գրիգորյանի խոսքով՝ ուսումնամեթոդական սույն ձեռնարկում մանկավարժական փորձուսուցման ընթացքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացված է վերլուծություն Ստեփանակերտի թիվ 1,2,4,5,7 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների փորձը, օգտագործվող ավանդական և ժամանակակից մեթոդները։
«Ելնելով իմ աշխատանքային փորձից, ինչպես նաև հանրակրթական ոլորտի մեր լավագույն մանկավարժների փորձի վերլուծությունից, ձեռնարկում առաջադրել եմ մի շարք մեթոդական խորհուրդներ: Անդրադարձել եմ նորարական մեթոդներին, որոնք կնպաստեն քննադատական մտածողությանը, վերլուծական մտքի, սովորողների ինքնուրույնության, նախաձեռողականության և ակտիվության զարգացմանը»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը:
Միջոցառմանը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը շնորհավորել է ձեռնարկի հեղինակին՝ Ա. Գրիգորյանին և մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Տեղեկացնենք, որ գիրքն արժանացել է համալսարանի տարվա լավագույն գիտահետազոտական աշխատանք մրցույթի գլխավոր մրցանակին։
11/04/2022