Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Գիտական ժողով

Գիտական ժողով

Գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 25-ամյակին

Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում կայացել է «Ուսման արդյունավետության գլխավոր ցուցիչը գիտելիքների կիրառելիության աստիճանն է» թեմայով գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 25-ամյակին, որը հանդիսավոր ձևով կնշվի եկող գարնանը։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 3 պատերազմներում անմահացած քաջորդիների հիշատակը։

Գիտաժողովը բացեց բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Սևակ Հակոբյանը:

Այնուհետև խոսքը տրվեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Բալայանին: Նա շնորհավորելով համալսարանի 25-ամյակը՝ հանդես եկավ «Աղվանից եկեղեցին և Ադրբեջանի քաղաքական շահարկումները» թեմայով զեկուցմամբ:

Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու Դոնարա Գաբրիելյանը ևս միացավ շնորհավորանքներին և նշեց, որ այսօր մենք միասնական ջանքերով պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք օգտակար լինել մեր երկրին:

Զեկուցումներով հանդես եկան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը «Արցախի գեղարվեստական պատկերը Վ. Հակոբյանի պոեզիայում», իրավագիտության ամբիոնի վարիչ,ԱՀ վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը «Ցեղասպանության հանցակազմը երիտթուրքերի արարքներում», մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արկադի Թովմասյանը «Հոգեբանության ուժն ու հմայքը», տեխնիկական գիտությունների թեկնածու Գեղամ Միքայելյանը «Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի քառորդ դարը», ՆԶՊ և ՖԴ ամբիոնի վարիչ Սամվել Բաղրյանը «Նարեկցիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և մարզական նվաճումները», ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Սոնա Համբարձումյանը «Իրավաբանական տրամաբանություն. hասկացությունը և դրա դասավանդման մեթոդները», տարրական կրթության և մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Օքսանա Գասպարյանը «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում», ուսումնական գործընթացի կազմակերպման և կառավարման բաժնի պատասխանատու Ժաննա Բալայանը  «Հեռավար ուսուցման ժամանակակից մեթոդները «Գրիգոր Նարեկացի» համալսարանում», ուսանողական խորհրդի նախագահի տեղեկալ Նարինե Առուշանյանը «Ձգտում ենք արժանի լինել Նարեկացու անվանը»:

Վերջում «Գրիգոր Նարեկացի» համալսարնի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու և բովանդակալից զեկուցումների համար և նշեց, որ համալսարանի համար գերխնդիրը ժամանակակից բուհին ներկայացվող չափանիշներին համապատասխանելը, այնպիսի մասնագետների թողարկումն է, որոնք մեր երկրի տարբեր ոլորտներում կարող են իրենց լավագույնս դրսևորել:

11/04/2022