Մամուլը մեր մասին

Մամուլը մեր մասին

11․05․2018 Գրիգոր Նարեկացի համալսարանում բացվել է արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոն

հղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   մինչ    կենտրոնի   բացումն   ԱՀ  կրթության,  գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, Գրիգոր  Նարեկացի  համալսարանի  ռեկտոր  Վարդան  Հակոբյանը, ՀՀ  գրողների  միության  նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանից  ժամանած   հյուրերը  և  համալսարանի  դասախոսները   ծաղիկներ են  խոնարհել  Գրիգոր  Նարեկացու   հարթաքանդակին:

Կենտրոնի   բացման   պատիվը  տրվել  է  Վարդան  Հակոբյանին  և  արևմտահայերենի,  հայագիտության  գիտահետազոտական  կենտրոնի  տնօրեն, Գրիգոր  Նարեկացի  համալսարանի    դասախոս     Ամալյա  Գրիգորյանին:

Միջոցառմանը    ելույթով  հանդես  է  եկել   նախարար   Նարինե  Աղաբալյանը:

Նա ասել  է, որ  գիտահետազոտական  բաղադրիչները   շատ  կարևոր   մաս են  կազմում  կրթության  մեջ,    և  այս   կենտրոնի   բացմամբ  Գրիգոր  Նարեկացի  համալսարանի  ղեկավարությունը   կարևորում  է  արևմտահայերենի  ուսուցումը՝   ձեռնարկելով  միջոցառումներ՝ ուսանողությանը գործընթացին  ներգրավելու  համար:

Ն.  Աղաբալյանի  խոսքով՝  բարձրագույն    կրթության  և  դրա  որակի   զարգացման  խնդիրները   շարունակելու   են լինել  ԿԳՍ  նախարարության  ուշադրության  կենտրոնում. նախարարությունը   հետևողական   ջանքեր  և   աշխատանք է    ակնկալում   այս  կենտրոնի  գործունեությունից:

Նա     կենտրոնին  է  նվիրել   Սարգիս  արքեպիսկոպոս  Ջալալյանցի     «Ճանապարհորդություն  ի Մեծն Հայաստան»    գիրքը:

Վարդան  Հակոբյանն  էլ    նշել  է, որ  համալսարանում  արևմտահայերենի,  հայագիտության  գիտահետազոտական   կենտրոն  բացելը  միշտ  էլ  եղել  է  իրենց    ծրագրերում: Նրա  խոսքով՝   անցած  տարի   իր  հրավերով  անվանի   գիտնական,  բանաստեղծ  Հակոբ  Այնթափլյանն   իր   կնոջ՝ Լուտովիկայի  հետ  ժամանել է   Արցախ, եղել  նաև   իրենց  համալսարանում.  այդտեղ  էլ  քննարկվել  է      Գրիգոր  Նարեկացի  համալսարանում    արևմտահայերենի,  հայագիտության  գիտահետազոտական   կենտրոն  ունենալու    հարցը:

Կենտրոնը    հագեցված  է  անհրաժեշտ    գրականությամբ, տեխնիկական    միջոցներով, ստեղծված  են   պայմաններ  աշխատանքները   պատշաճ   կազմակերպելու  համար:

Արևմտահայերենի,  հայագիտության  գիտահետազոտական   կենտրոնի  տնօրեն   Ամալյա  Գրիգորյանն  էլ  տեղեկացրել  է, որ նորաբաց    կենտրոնում    գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ  գրականություն,  հայկական  հարցի   պատմություն  և  սփյուռքահայ    գրականություն  առարկաներից  անց  են  կացվում        եռամսյա   դասընթացներ:  

«Ուսուցումը  տարվում  է   ժամանակակից  պահանջներին   համապատասխան: Դասընթացներին   մասնակցում են   ինչպես   Գրիգոր  Նարեկացի, այնպես  էլ Արցախի   պետական   համալսարանների  և  այլ  բուհերի  ուսանողներ: Դասընթացները   վարում են  Արցախի, Հայաստանի  և  արտերկրի    լավագույն  մասնագետները: Դասընթացների  ավարտին   ուսանողները  համալսարանի  կողմից  կստանան  վկայագրեր»,-նշել  է   Ա.  Գրիգորյանը   և  հավելել, որ կենտրոնը  պարբերաբար  կազմակերպելու  է  տարբեր  ձևաչափերի   հանդիպումներ գիտության, արվեստի,  մշակույթի   նշանավոր  գործիչների  հետ:

15/05/2018

×