Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հիշում ենք և խոնարհվում

Հիշում ենք և խոնարհվում

Հայկ Գրիգորյան

Հայկ Ավետիքի Գրիգորյանը ծնվել է  2001 թվականի օգոստոսի 5-ին, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2006 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը  և սովորել գերազանց գնահատականներով: 4-րդ դասարանն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել  են Ռուսաստանի Դաշնություն և Հայկը գերազանց առաջադիմությամբ ուսումը շարունակել է  Բելարեչենսկ քաղաքի ռուսական դպրոցում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո վերադարձել է  հայրենի Արցախ և ընդունվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան: Ավարտելով այն 2019 թվականին ընդունվել է «Գրիգոր Նարեկացի» համալսարան: Կիսատ թողնելով ուսումը 2020 թվականի  հունվարի 13-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասում: Մեկ ամիս անց ուղարկել են Երևան՝ սերժանտական կուրսերի, որտեղից վերադարձել է գովասանագրերով ու մեդալներով և արդեն որպես սերժանտ  ծառայության անցել կապի բաժանմունքում:

Հայկը սիրված էր և ընկերների և սպայական անձնակազմի կողմից: Բոլորը հիանում էին նրա հանգիստ, կարգապահ, կազմակերպված պահվածքով: Զորամասում  հայտնի էր որպես «կապի Հայկո»:

Տիրապետում էր 3 լեզուների և համակարգչային մի շարք  ծրագրերի:

Հայկը և  իր զինակից 29  ընկերները իրենց վրա վերցնելով թշնամու ԱԹՍ-ի առաջին հարվածը անմահացել են  2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

 Հետմահու պարգևատրվել է «Արիության համար »և «Մարտական ծառայություն» մեդալներով:

 

 

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դավիթ Գենադիի  Հարությունյանը  ծնվել է 2001թ. հուլիսի 18-ին,  Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ 2007 թվականին հաճախել է  Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանը։ 2008 թվականից ուսումը շարունակել է  Խնձրիստանի միջնակարգ դպրոցում։ 2017թ. ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը։ 2018թ. ընդունվել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «ֆիզկուլտուրա» բաժինը։ 2019թ. զորակոչվել է բանակ և ծառայել կենտրոնական պաշտպանական շրջանում` որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։ 2020թ. սեպտենբերի 27-ին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել թեժ մարտերին` հմտորեն ղեկավարելով անձնակազմը։ Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 23-ին Մատաղիսում: Դավիթը տան միակ զավակն էր:

 

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սուրեն Սամվելի Աբրահամյանը ծնվել է 1995 թվականի հունիսի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտելով Ստեփանակերտի համար 1  միջնակարգ դպրոցը,  ուսումը շարունակել է Արհեստագործական ուսումնարանում: 2013 թվականին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության: 2015 թվականին զորացրվել և արդեն  որպես պայմանագրային ծառայող համալրել  է զինված ուժերի շարքերը: Սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժնում: 2020 թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել  ԱԱԾ-ում: Պատերազմի օրերին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է ռազմական գործողություններին, հասցրել է փրկել զինակից ընկերների կյանքեր:  

Անմահացել է նոյեմբերի 3-ին Սղնախում: Ամուսնացած էր,սպասում էր առաջնեկին: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և « Մարտական ծառայություն»  մեդալներով: