Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Հիշում ենք և խոնարհվում

Հիշում ենք և խոնարհվում

Գևորգ Ղուլյան

Գևորգ Ռազմիկի Ղուլյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 14-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: 2008 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը: Գևորգը նպատակասլաց աշակերտ էր,սիրված էր ուսուցիչների և աշակերտների կողմից, ակտիվ  մասնակցում էր դպրոցում կազմակերպվող ռազմահայրենասիրական միջոցառումներին և հասարակական աշխատանքներին: 2017   թվականին ընդունվել է ԱՀ «Գրիգոր Նարեկացի»  համալսարանին կից գործող քոլեջի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ»  բաժինը: 2020 թվականին ավարտել և ուսումը շարունակել է համալսարանի «տնտեսագիտություն» բաժնում:  Սակայն կիսատ թողնելով այն՝  հուլիսի 20-ին զորակոչվել է բանակ: Գևորգը ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկվսեց 44 օրյա պատերազմը: Պատերազմի հենց առաջին օրից եղել է ամենաթեժ կետերում,  մասնակցել է ռազմական գործողություններին, նույնիսկ նահանջի հրաման ստանալուց հետո չի լքել դիրքը, հերոսաբար կռվել է մինչև վերջին շունչը և անմահացել նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում: Աճյունը հողին է հանձնվել 3 ամիս անց՝ փետրվարի 4-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Կարեն Բեգլարյան

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 8-ին, Ստեփանակերտ քաղաքում: Սովորել է Ե. Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական  վարժարան, ապա տեղափոխվել ՌԴ Նովոսիբիրսկ  քաղաքի ռազմամարզական բարձրագույն ուսումնարան: 2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: 2017 թվականին ավարտել է ծառայությունը ավագ սերժանտի կոչումով: Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Վերադառնալուց հետո աշխատել է «The Halo Trust» ընկերությունում՝ որպես սակրավոր: 2018 թվականից ծառայության է անցել  Մարտակերտի զորամասում՝ որպես հետախույզ-սակրավոր: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շքանշանների: Պատերազմի օրերին Կարենը միացել է հայրենիքի փրկության սուրբ գործին: 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Հակոբ Կամարի գյուղի ինքնապաշտպանության ժամանակ վիրավորվել և 4 օր կյանքի համար պայքարելուց հետո, անմահացել  է  հոկտեմբերի 10-ին:  Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան»  և« Մարտական ծառայություն» շքանշաններով:

ՄԻՔԱՅԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Միքայել Դավիթի Բեգլարյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 9-ին,  քաղաք Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում: 2006 թվականին հաճախել է  թիվ  3 միջնակարգ դպրոցի առաջին դասարանը: Միքայելը զբաղվում էր նաև բռնցքամարտով: Մասնակցել է տարբեր մրցույթների Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում և նվաճել  մրցանակային տեղեր: 2014 թվականին ընդունվել է« Գիրգոր Նարեկացի» համալսարանին կից գործող քոլեջի ֆիզիկական կուլտուրա և սպորտ բաժինը: Միքայելը համալսարանի ուսանողական խորհրդի անդամ էր, ակտիվ մասնակցում էր համալսարանում կազմակերպվող միջոցառումներին, սիրված էր դասախոսների և ուսանողների կողմից: 2018 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայել է Մարտունու 3-րդ պաշտպանականում՝ որպես դիպուկահար: Ծառայությունն ավարտելուց հետո 2020 թվականին  քննություն հանձնեց ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու նպատակով, սակայն սեպտեմբերի 27-ին շտապեց հայրենիքը պաշտպանելու և  այդպես էլ չհասցրեց պատասխան ստանալ: Անմահացավ հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր համայնքում՝ հակառակորդի արձակած ականանետի պայթյունից: