Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարան

Համալսարանի պատմություն

Համալսարանի պատմություն

Գրիգոր Նարեկացի համալսարանն  Արցախի և ՀՀ լավագույն բուհերից մեկն է: Համալսարանը ստեղծվել է բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի անմիջական ջանքերով, 1996 թվականին` պետական արտոնագրով: Բուհն, ի սկզբանե, կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Փիլիսոփա, բանաստեղծ, գիտնական, բժիշկ, լուսավորիչ... այսպես կարելի է դեռ երկար թվարկել այն աստվածատուր շնորհները, որոնցով անմահացավ Գրիգոր Նարեկացին: Մեր ժողովրդի գրական-մշակութային, դպրական գործի պատմության մեջ անուրանալի է այն վիթխարի ավանդը, որ ներդրել է Վանա ծովի գեղատեսիլ ափին բարձրացած Նարեկավանքի դպրատունը: Այն թեեւ հետագա դարերում զարգացում չունեցավ, բայց իր կարճատեւ գոյությամբ կարողացավ հայ ժողովրդին ու համայն աշխարհին տալ այնպիսի մի դեմք, ինչպիսին է Գրիգոր Նարեկացին, որի կերտած Նարեկը այսօր էլ մարդիկ ընթերցում են՝ աղոթելու պես, անգիր են անում, դնում են իրենց գլխատակին, նրանով բուժվում են, մաքրագործվում: Հավատալով Մեծ մտածողի ու բանաստեղծի կախարդական ոգու զորությանը, մեր նորաբաց բուհը կոչեցինք նրա անունով, հավատալով, որ Գրիգոր Նարեկացու առաքելությունն իր մեջ ունի աստվածային խորհուրդ:

Համալսարանը, որի շրջանավարտներից շատերն արդեն ազգային գոյամարտի ճանաչված հերոսներ են ու տարբեր ոլորտների առաջավոր մասնագետներ, ոչ միայն կարողացավ դիմանալ ժամանակակից բուհին ներկայացվող բարձր պահանջներին, այլեւ ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու շնորհիվ 2003թ. Արցախի պետական եւ ոչ պետական բուհերի մեջ առաջինը ստացավ պետական հավատարմագիր (N1), բուհին տրվեց պետական կարգավիճակ: Համալսարանի ուսումնագիտական աշխատանքներում ընդգրկված են անվանի ակադեմիկոսներ, գիտության դոկտորներ ու պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ, արվեստի եւ մշակույթի ճանաչված դեմքեր, վաստակաշատ մանկավարժներ, բժիշկներ:

Ի դեպ, բուհում ուսման վճարից ազատված են երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ու խիստ սակավակարող ընտանիքների զավակները, իսկ զոհվածների որդիների եւ վերաբնակիչների նկատմամբ կիրառվում են համապատասխան զեղչեր: Բուհի ուսանողները, բնականաբար, օգտվում են բոլոր այն իրավունքներից ու արտոնություններից, որոնք օրենքով սահմանված են պետական բուհերի համար: Եվ այսօր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի շրջանավարտներն ստանում են, ըստ ընդհանուր կարգի, Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ, իսկ բուհին կից գործող ինտերնատուրայի (ետբուհական կրթություն) շրջանավարտները՝ պետական համապատասխան վկայագրեր:

Բուհում գործում է մագիստրատուրայի բաժին:

Համալասարանը ունի նաև քոլեջ, ուր սովորողները ստանում են միջին մասնագիտական կրթություն, իսկ քոլեջը գերազանց կամ լավ գնահատականներով ավարտելուց հետո, շրջանավարտներին առանց լրացուցիչ  քննությունների, կարող են բարձրագույնում` երկրորդ և երրորդ կուրսերից, շարունակել իրենց ուսումը` համապատասխան մասնագիտությունների գծով: